AM
4 Օգոստոս 2025 - 06:15 AMT

Լոպեսի մենահամերգին ներկա է եղել 30,000–ից ավելի մարդ

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել մոտ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ–ն։

Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ,

Համերգը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Դոպինգ Սփեյս» ընկերության կողմից։ Կազմակերպիչներն անվճար տոմսեր են հատկացրել հատուկ կարիքներով խմբերի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը այս բացառիկ համերգին։

«Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը Հայաստանում ավելին էր, քան պարզապես երաժշտական իրադարձություն։ Այն հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանը որպես ժամանակակից մշակութային կյանքի ակտիվ հարթակ։ Միջոցառումը լիովին համահունչ էր ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներին՝ նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս համատեքստում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը կարևոր խթան էր նաև մշակութային զբոսաշրջության զարգացման համար՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն աստղերին։

Մենահամերգը կայացել է «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում։