AM
4 Օգոստոս 2025 - 06:46 AMT

Թորոսյան. Կառավարության $6 մլն ներդրումը Լոպեսի համերգի համար ՀՀ–ին օգուտներ է բերում

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն, անդրադառնալով փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման վերաբերյալ քննադատություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կառավարության 6 միլիոն դոլար ներդրումը Ջենիֆեր Լոպեսի համար Հայաստանին տնտեսական և միջազգային օգուտներ է բերում։

Նա նաև իր հաշվարկներն է ներկայացրել։

«Հայաստանի կառավարության 6 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը Ջենիֆեր Լոպեսի համերգի համար Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում զգալի տնտեսական և միջազգային օգուտներ է բերում: Համերգը, որին մասնակցելու է մոտ 24,000 հանդիսատես (14,000 նստատեղ, 10,000 կանգնելու տեղ), ստեղծում է 10,071,320 ԱՄՆ դոլար ընդհանուր հավելյալ արժեք:

Սա ներառում է 3,891,320 դոլար տոմսերի վաճառքից (15,000 զբոսաշրջիկ և 9,000 տեղացի), 6,000,000 դոլար զբոսաշրջիկների ծախսերից (յուրաքանչյուրը՝ 400 դոլար) և 180,000 դոլար տեղացիների ծախսերից (յուրաքանչյուրը՝ 20 դոլար): 6 միլիոն դոլարի ներդրումը հանելուց հետո զուտ շահույթը կազմում է 4,071,320 դոլար, իսկ ներդրումների վերադարձը (ROI)՝ 67.86%: Բացի այդ, համերգը Հայաստանին բերում է 2,000,000 դոլար տեսանելիության արժեք՝ խթանելով զբոսաշրջությունն ու միջազգային ճանաչումը:

Այս վերլուծությունը կատարվել է Գրոկի կողմից՝ xAI-ի կողմից ստեղծված արհեստական բանականությամբ: Այս համերգը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության ներդրումը ոչ միայն ֆինանսապես ձեռնտու է, այլև ռազմավարական քայլ է երկրի ապագա զարգացման համար:

Հ.Գ. բարի ժամանց բոլորին, այդ թվում քննադատողներին»,–գրել է նա։

Հարցին անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով. «Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք»։

Նա հավելել է, թե «անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը»:

«Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի:

Այո՛, ամեն ինչի փողը կարելի է ուրիշ բանի վրա ծախսել, նույնիսկ ձեր ինտերնետի փողը, որ ամեն ամիս վճարում եք ինտերնետ ունենալու համար, կարելի է բաժանել չունևորներին կամ ուղարկել որևէ բարեգործական ֆոնդ, միևնույնն է ոչ մեկին իրակակում պետք չի ձեր ասածները: Թող ծեծված թվա, դուք չկամ, չար, նախանձ, անգրագետ կերպարներ եք: Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի, պետք է դժբախտություն լինի, որ հույզերի վրա խաղաք, պետք է երկրին վատ լինի, որ դոշ ծեծեք ու հայրենասեր խաղաք:

Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք, հերի՛ք է ձեզ խելոքի տեղ դնեք՝ չհասկանալով, որ բոլորը տեսնում են ձեր հիմար ու դատարկ լինելը: Վիճել ձեր հետ նրա մասին, թե որքան կարևոր է երկրի վարկանիշի համար, տնտեսության համար նման միջոցառումները կամ պատմել, որ Երևանի և կողքի քաղաքների հյուրանոցներում ուղղակի տեղ չկա և ռեստորանները լեփ-լեցուն են, իմաստ չեմ տեսնում: Գնացեք ու շարունակեք ողբալ, չարախոսել փնփնթալ, ձեզ լսող վաղուց չկա: Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի, ապրի և աշխարհի մի մաս լինի»,–ասվում է գրառման մեջ։

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել մոտ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։