Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը՝ տարակուսանք հայտնելով նրա հնչեցրած երկու կարևոր թեզերի առնչությամբ։
Ըստ նրա՝ ամենամեծ ընդդիմադիր միավորներից մեկի առաջնորդն «Արցախը հանձնելու, դավաճանության հարցը, կարելի է ասել, փակված է համարում»։
«ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ Նոյեմբերի 9-ի տխրահռչակ Հայտարարության մեջ, որն ըստ էության Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, Ադրբեջանի շահերից բխող միակ կետն իններորդն է, որով Հայաստանը երաշխավորել է Ադրբեջանի «արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։
Այն, որ նույն Հայտարարության երկրորդ կետով ՀՀ-ն պարտավորվել է Աղդամի շրջանը վերադարձնել Ադրբեջանի Հանրապետությանը կամ վեցերորդ կետով հայկական կողմը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել Քելբաջարի ու Լաչինի շրջանները (անվանումներն ու ձևակերպումները՝ ըստ Հայտարարության տեքստի – Հ. Մ-Շ.), երևի թե Ադրբեջանի շահերից բխող կետեր չէին։ Կամ յոթերորդ կետը, ըստ որի «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» երևի նույնպես բխում էր Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի շահերից… Էլ չեմ խոսում այդ Հայտարարության ընդհանուր բովանդակության մասին, որը, կրկնում եմ՝ ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ։
Երկրորդ Նախագահի հարցազրույցի երկրորդ ականջ ծակող արտահայտությունը, որը նա կրկնել է առնվազն երկու անգամ, «2018թ. հեղափոխության արժեքներն» են, որոնք, ըստ պարոն Քոչարյանի, Նիկոլը կրկին դավաճանել է։
Այս երկու թեզերն իրապես տարօրինակ էին ինձ համար։ Մեղմ ասած՝ տարօրինակ։
Հարցազրույցում արտահայտած մնացած բոլոր մտքերի համար՝ այդ թվում, որ այսօր քաղաքական դաշտում իբր ձևավորված են ընդամենը երկու մեծ ընդդիմադիր միավոր՝ «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի՝ նոր ստեղծվող ուժը, պարոն Քոչարյանին, թերևս, պետք է շնորհակալություն հայտնել։ Մարդը վերջապես անկեղծ բարձրաձայնեց՝ իր ձգտումների, նպատակների ու (նախապես ներողություն եմ խնդրում այս բառն օգտագործելու համար) երազանքների մասին։
Ի՞նչ կարելի է ասել։ Ոչինչ։ Ամեն ինչ պարզ է։ Ամենամեծ ընդդիմադիր միավորներից մեկի առաջնորդը Արցախը հանձնելու, դավաճանության, երկրի վրա օրհասական վտանգների հարցը, կարելի է ասել, փակված է համարում։ Նոր ընտրություններ, նոր իրողություններ… Հաջողություն եմ մաղթում պարոն Քոչարյանի քաղաքական թիմին 2026թ.-ի ընտրություններում։
P.S. Մի փոքրիկ մտավարժանք էլ ես առաջարկեմ։ Փորձեք լուծել այս հավասարումը` «Հայաստան» դաշինք – ՀՅԴ = ?»,–գրել է նա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շարունակվող խոսակցություններին, ասել է, որ դա «դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»։
«Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ Արցախի հանձնումից հետո և այդ թեման այլևւս գոյություն չպետք է ունենար: Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում` այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ ԱՄՆ–ն է քննարկում Թուրքիայի հետ, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, իսկ դու այս թեմայում չկաս: Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,–ասել է Քոչարյանը։






