AM
4 Օգոստոս 2025 - 08:24 AMT

Նահապետյան. Ձևացնում ենք, թե չենք նկատում, որ Ռուբենի ու մյուսների հարցը դուրս է մղված բոլոր սեղաններից ու պրոցեսներից

Քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն անդրադարձ է կատարել գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, մյուս հայ ղեկավարների ու գերիների հարցին՝ ընդգծելով, որ այս խնդիրները դուրս են մնացել բոլոր բանակցային գործընթացներից։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ձևացնում ենք, թե չենք նկատում, որ Ռուբենի ու մյուսների հարցը դուրս է մղված բոլոր սեղաններից ու պրոցեսներից»։

«Չորս տարի առաջ այս օրերին` իսկ ավելի կոնկրետ 2021-ի հուլիսի 27-ի երեկոյան ժամը 8-ին նստած էինք Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի տան պատշգամբում։ Եվ այդ պահին Ռուբենն էլ ուներ տուն, ազատություն և ընտրության հնարավորություն։

2023-ին նրա գերեվարումից հետո ես հաճախ եմ մտածում մեր այդ առաջին ու առ այս պահը միակ հանդիպման մասին։ Մտածում եմ, նախ որովհետև սովոր եմ նեղության պահին մտածել մարդկանց մասին ում տան շեմքից երբևէ ոտքս ներս եմ դրել և երկրորդ, որովհետև այդ հանդիպման ողջ սովորականությամբ հանդերձ դրան հաջորդել են իրադարձություններ, որոնք փորձության են ենթարկել մեր երկու պետությունները և ազգային բարոյականությունը»,–գրել է նա։

Նա ողբերգական է համարել այն, որ հիմա, երբ Ռուբենը գտնվում է Բաքվի բանտում ու առողջ բանականության վրա հենված ոչ մի նշան չի հուշում, թե կա ազատության իրական պլան` հայ հասարակությունը, միևնույն է, մինչև վերջ հրաժարվում է հավատալ, որ Ռուբենը այդ ճանապարհն անցնում էր սեփական որոշմամբ ու մի բան փոխելու մարդկային վճռականությամբ, այլ ոչ թե ինչ-որ երաշխիքներով ու անվտանգության բարձիկներով։

«Մարդիկ կախարդվածի պես դադարել են հավատալ որ մեր մեջ, մեր կողքին կարող էր լինել մի մարդ, ով էշ-էշ վերլուծություններ անելու փոխարեն պատրաստ էր հանձն առնել անհաստատ, վտանգավոր ու ինչպես պարզվեց անհույս մի պատասխանատվություն։

Ասում են նա շահեր ուներ ու հեռահար պլաններ։ Իհարկե ուներ` Ռուբենը բնավ Ձմեռ պապիկը չէր ու ոչ էլ մարդ էր, որ մտածում էր «ով էշ` մենք փալան»։ Իսկ ո՞վ էր անամբիցիա` Վարդան Մամիկոնյանը՞, որ Ավարայրից տուն տարավ մյուս իշխանական տների հանդեպ դոմինանտությունը, թե՞ Վազգեն Սարգսյանը, որ քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ նախագահական աթոռից կես քայլ էր բաժանում։ Գուցե ամբիցիայից զերծ էր Չերչի՞լը, որ ձախողակի կարգավիճակից հասավ վարչապետի պաշտոնի կամ Լի Կուան Յուն, որ դեռ դարերով կմնա ամենափառավոր առաջնորդների աստղաբույլում։ Էդ ի՞նչ պրագմատիզմ է, որ խորշում է մարդկանց պրագմատիկ լինելուց։

Հիմա բանակցություններ են, բանակցություններ ու բանակցություններ, առաջարկներ, առաջարկներ ու առաջարկներ, զիջումներ, զիջումներ ու զիջումներ, միջնորդներ, միջնորդներ ու միջնորդներ, լավատեսություն, լավատեսություն ու լավատեսություն… բայց մենք ձև ենք բռնում թե չենք նկատում, որ Ռուբենի ու մյուս առաջնորդների, Վագիֆ Խաչատրանի ու մնացած քաղաքացի-գերիների հարցը դուրս է մղված բոլոր տեսակի սեղաններից ու պրոցեսներից։ Այդ մարդկանց ազատության հարցի բարձրաձայնումը համարվում է «խաղաղության խոչընդոտ»` ի նկատի ունենալով, որ իբր մենք կարող ենք խաղաղվել նույնիսկ եթե ամեն օր հեռուստացույցով տեսնենք այդ մարդկանց տանջանքն ու նվաստացումը։

Հիմա երբ մենք ունենք տուն, ազատություն ու ընտրության հնարավորություն, երբ կիրակնօրյա արևը տաքացնում է մեր սիրտն ու հոգին, երբ ինչ-որ ակնթարթներում մեր տեսած դառնությունը սուրճից է ու մեզ հասու է արևահամ մրգերի շոյող քաղցրությունը… հիմա մենք պիտի ընտրություն կատարենք նախ մեր բարոյական կերպարի ու արժեքների հարցում` արդյո՞ք մենք էն մարդիկ ենք, ով անընդունակ է եղբայրական սիրո ու կարեկցանքի, արդյո՞ք մեզ խորթ է ինչ-որ բան անելու վճռականությունը և արդյո՞ք մենք ընտրում ենք նիկոլական լուռ իներցիան…

Ես ասել եմ ու էլի եմ ասում` գերիները հարցը կլուծվի մի դեպքում, եթե դա դառնա Նիկոլի համար իրական քաղաքական պրոբլեմ և Ալիևը կանգնի Նիկոլին կորցնել-պահելու ընտրության առջև»,–ասվում է գրառման մեջ։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։