AM
4 Օգոստոս 2025 - 08:59 AMT

Աբրահամյան․ Բաքուն փակում է ԿԽՄԿ ներկայացուցչությունը, որևէ լուրջ դերակատարից արձագանք չկա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանն իր երկրում տեղակայված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա։

«Ադրբեջանում գերեվարված հայերի գտնվելու պայմաններում այդ երկրից հեռանում է միակ միազգային կառույցը, որը մինչև սույն թվականի հունիս ամիս այցելում էր նրանց, կոմունիկացիա ապահովում նրանց հարազատների հետ, նրանց առողջական վիճակին ծանոթանում և այլն:

Կարմիր Խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության և «բեսպրեդելության» պայմաններում նաև որոշակի զգոնություն և «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում:

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեցին:

Ադրբեջանը նրանց պետք է ՌԴ-ն էներգետիկ և ենթակառուցվածքային առումով շրջանցելու, Հայաստանի հետ մի սեղանի նստեցնելու և Իրանի դեմ օգտագործելու համար, որ պայմաններում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հիմնարար արժեքներն այլևս հեռաքրքիր չեն»,–գրել է նա:

Բաքվի բանտում պահվող հայ գերիների ընտանիքներին Կարմիր խաչից միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին:ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ասել է, որ վերջին այցելությունը հայ գերիներին կատարվել է հունիս ամսին, իսկ հուլիսին այցելություն տեղի չի ունեցել։ Ըստ Ամատունու՝ Ադրբեջանի կառավարության պահանջով ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը։