«Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող «Սրբազան պայքար» շարժման աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ։ Արդեն մի քանի օր է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանն ահազանգում է երիտասարդի առողջական վիճակի վատթարացման մասին։
«Մենք դիմել էինք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ին, խնդրել հիվանդանոցային հետազոտություն իրականացնել, փաստացի մերժել են՝ նշելով, որ Աղվան Արշակյանը քրեակատարողական հիմնարկում վերահսկողության ներքո է։ Վստահեցնում եմ՝ որևէ վերահսկողություն չկա։ Իր մոտ կան գլխապտույտներ, ճնշման տատանումներ, ինչը քաղցկեղի հետևանք է, կամ՝ Աստված չանի, կարող է նոր զարգացնող քաղցկեղ լինի։ Մենք չգիտենք, այնտեղ էլ որևէ միջոց չկա պարզելու համար։ Ճնշումը տատանվում է՝ հարցնում են՝ ճնշման դեղ տա՞նք։ Բայց դա ճնշման խնդիր չէ»,- ասել է Հարությունյանը, հայտնում է Panorama.am-ը։
Փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ Արշակյանի խափանման միջոցը փոխելու համար՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախաքննության մարմինը չի կատարել դատարանի ցուցումը և անմիջապես կալանքից հետո չի կազմակերպել դատաբժշկական փորձաքննությունը։
«Մենք խնդրել էինք փոխել խափանման միջոցը, քանի որ հենց նախաքննություն իրականացնող մարմինն էր թերացել ու կալանքից անմիջապես հետո անհապաղ չէր նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Միայն հուլիսի 21-ին է նշանակվել փորձաքննություն, այն էլ մեր միջնորդությունից հետո, այնինչ առաջին ատյանի դատարանը կալանքի որոշմամբ ցուցում էր տվել նախաքնննություն իրականացնող մարմնին անհապաղ անել փորձաքննություն։
Դատախազին միջնորդել էինք, որպեսզի փոխի խափանման միջոցը՝ հաշի առնելով, որ հենց իրենք պատշաճ հսկողություն չեն իրականացրել նախաքննություն իրականացնող մարմնի գործունեության նկատմամբ ու այդ անհապաղության պահանջը խախտվել է իրենց մեղքով»,- ասել է Հարությունյանը։
Փաստաբանը դիմել է դատարան՝ պահանջելով փոփոխել Արշակյանի խափանման միջոցը։ Վերաքննիչ բողոքի քննության որոշումը հրապարակվելու է օգոստոսի 5-ին։
Նախորդ շաբաթ Վարազդատ Հարությունյանը հեռախոսով շփվել է Արշակյանի հետ և նշել, որ նրա վիճակում որևէ դրական փոփոխություն չի եղել։
«Այնպես չէ, որ մեկ օր լավ է, մեկ օր վատ է, ստաբիլ վատ է»,- ասել է Հարությունյանը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք Արշակյանի հիվանդությունը ներառվա՞ծ է կառավարության սահմանած այն ցանկում, որոնց դեպքում կարելի է ազատել կալանքից, Վարազդատ Հարությունյանը պատասխանել է. «Դրա համար փորձաքննություն պետք է արվի՝ որոշելու համատեղելիությունը, փորձաքննությունը մինչև հիմա չեն արել, բայց կալանքի կեսից ավելին արդեն անցել է։ Թերանում են»։
Նա նաև ընդգծել է, որ քաղցկեղը ընդգրկված է կառավարության համապատասխան ցանկում։
«Աղվանը բուժվել է, բայց խիստ վերահսկողության ներքո է, ինչն այս պահին փաստացի չի կատարվում»,- ասել է Վարազդատ Հարությունյանը։
Աղվան Արշակյանը կալանավորվել է հունիսի 25-ին՝ «հեղաշրջման գործի» շրջանակում անցկացված զանգվածային խուզարկություններից և ձերբակալություններից հետո։






