Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում,հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հայաստանն ամբողջ օգոստոսի ընթացքում լինելու է հարավից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կգերազանցի կլիմայական նորման 2–3 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,– ասել է Սուրենյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նաև հստակեցրել է, որ օգոստոսի առաջին տասնօրյակում Շիրակի մարզում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +36°C, Կոտայքի նախալեռներում՝ մինչև +39°C, Գեղարքունիքում՝ մինչև +35°C, Լոռիում՝ մինչև +35°C, Տավուշում՝ մինչև +39°C, իսկ Արագածոտնի մարզում՝ մինչև +40°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում հնարավոր է մինչև +42°C շոգ, նույնը սպասվում է նաև Սյունիքում և Երևանում։
«Օգոստոսի 10-ից չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազի։ Հայաստանի ամենաշոգ վայրերում՝ Արարատում, Սյունիքում և Երևանում, ջերմաստիճանը կիջնի մինչև +36°C – +37°C։ Բայց լուրջ ջեմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել, ցավոք սրտի, չի կանխատեսվում առաջիկա օրերին»,– ընդգծել է Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի ամբողջ ընթացքում հանրապետությունը գտնվել է տաք օդային ալիքի ներգործության տակ, որը առավելագույնն արձանագրել է օգոստոսի 2-ին, երբ մայրաքաղաք Երևանում ջերմաստիճանը հասել է 41.9 աստիճանի՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը 2020 թվականին եղել է 40.8 աստիճան։ Իսկ մայրաքաղաքի մեկ այլ հատվածում գրանցվել է 42.6 աստիճան։
«Բայց պետք է նշեմ, որ այս տաք օդի ալիքի դեպքում էլ դեռևս մեր պատմական առավելագույնը չենք գերազանցել։ Հանրապետության պատմական առավելագույնը դիտվել է 2011 թվականի հուլիսի 3-ին՝ Մեղրիի հատվածում՝ 43.7 աստիճան, իսկ Երևանում՝ 2018 թվականի հուլիսի 12-ին՝ 42.4 աստիճան»,– ասել է Սուրենյանը։
Անդրադառնալով հրդեհների վտանգին՝ պայմանավորված բարձր ջերմաստիճաններով, Սուրենյանը կոչ է արել քաղաքացիներին դրսևորել առավելագույն զգուշություն։
«Հանրապետությունում կան գոտիներ, որոնք առավել խոցելի են՝ Կոտայքի, Արագածոտնի մարզերը, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, Արարատյան դաշտը, Սյունիքի հովիտները և Երևանը։ Այս հատվածներում ստեղծվել է հրդեհավտանգության վերջին՝ 5-րդ կարգի իրավիճակ»,– նշել է Գագիկ Սուրենյանը։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։






