AM
4 Օգոստոս 2025 - 10:14 AMT

ԶԼՄ․ Օհանյանի, Մինասյանի և մյուսների գործը կքննի Սարգիս Պետրոսյանը

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, ինչպես նաև bնապահպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։

«Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Փաստինֆո»-ի տվյալներով՝ Սարգիս Պետրոսյանը մինչև Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալը առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ որպես պատգամավորի թեկնածու։

Սույն գործը վերաբերում է Սեյրան Օհանյանի կողմից դեռևս տարիներ առաջ Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի վարչական տարածքում ընդգրկված Դրախտիկ համայնքում հողամաս ձեռք բերելուն, ինչի վերաբերյալ նշվում է, որ իրավախախտման համար նախատեսված վաղեմության ժամկետները փաստացի անցել են։

Ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը, լինելով պաշտպանության նախարար, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 10526 քմ մակերեսով հողամասը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում։ Չունենալով կառուցապատման իրավունք՝ նա, պաշտպանության նախարարության այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, նախաձեռնել ու իրականացրել է այդ տարածքում առանձնատան շինարարություն։ Նշված տարածքի և գույքի պահպանությունն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների միջոցով՝ Օհանյանի հանձնարարությամբ։

Բացի այդ, մեղադրանքի համաձայն՝ այդ հատվածում լողավազան և շոգեբաղնիք կառուցած ընկերությանը, որը հետագայում մասնակցել է պաշտպանության նախարարության գնումներին, տրամադրվել են արտոնություններ։ Ընկերությունն իրականացրել է շուրջ 64․5 միլիոն դրամի շինարարություն, սակայն ֆինանսական միջոցների սպառվելու պատճառով 2015-ի սեպտեմբերին աշխատանքները դադարեցվել են։ Նույն տարվա վերջին ընկերությունը դիմել է՝ պահանջելով փոխհատուցել չվճարված շուրջ 58 միլիոն դրամը։ Ըստ գործի տվյալների՝ ՊՆ ներկայացուցչի միջոցով, Օհանյանի իմացությամբ, մերժվել է այդ գումարի վճարումը՝ նշելով, որ այն դիտարկվում է որպես նախկինում ստացած մրցույթների դիմաց «ատկատ»՝ այսինքն՝ կաշառք։

Հետաքրքրական է այն, որ մեղադրանք է առաջադրվել նաև Արծվիկ Մինասյանին, որը ենթադրյալ դեպքերի պահին պաշտոնավարել է ընդամենը երկու օր։

Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը հրապարակայնորեն հերքել են իրենց հասցեին ներկայացված մեղադրանքները։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենիամին Ղալեչյանը և Էդգար Գրիգորյանը։