Թղթային QR տոմսերի կիրառությունն օգոստոսի 1-ից դադարեցվել է միասնական տոմսային համակարգում, քանի որ դրանց տպագրությունը մեծ քանակությամբ թուղթ է պահանջում, ինչը բնապահպանական տեսանկյունից նպատակահարմար չի համարվել։ Այդ մասին մամուլի ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով այլընտրանքները։
«Այն քաղաքացիները, որոնք առաջ QR ուղետոմսեր էին ձեռք բերում թղթային տարբերակով, կարող են այլևս ձեռք բերել տրանսպորտային քարտ և, պարբերաբար լիցքավորելով, օգտվել տրանսպորտային ծառայություններից։ Հորդորում եմ քաղաքացիներին՝ տոմսերը ձեռք բերել նախապես։ Քարտերը հնարավոր է լիցքավորել ԹելՍել դրամապանակի, տերմինալների, transport.yerevan.am կայքի միջոցով։ Այսինքն, տնից, առանց հերթ կանգնելու, ձեզ հարմար ժամանակ նախապես մուտք անելով քարտի համարը, լիցքավորել և օգտվել»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Նա օրինակ է բերել մետրոն։
«Օրինակ, երբ մարդը մետրոյի կայարանում մոտենում է և հենց այդ պահին ցանկանում օգտվել, որոշակի ժամանակ է պահանջվում, սովորաբար, 2-5 րոպե, որպեսզի այդ տեղեկատվությունը համակարգում պտտվի, և կոնկրետ վալիդատոր սարքը իմանա, որ քարտի վրա առկա է ուղետոմս։ Ուստի, անհարմարությունից խուսափելու համար, խնդրում եմ քարտերը լիցքավորել նախապես»․–ասել է նա։
Գրիգորյանը հավելել է, որ տերմինալների միջոցով որոշակի քանակի տոմսեր գնելիս անհրաժեշտ է նշել հեռախոսահամարը.
«Մեկ կամ ավել տոմսեր գնելիս, առանց նույնականացման, նշված համարով տոմսերը միանգամից կամ 10-30 վայրկյանի ընթացքում հայտնվում են դրամապանակում։ ԹելՍել դրամապանակից օգտվելու շրջանակում, դրամապանակից օգտվելու գործընթացում առկա է բարելավում։ Առաջ մարդկանց կողմից հայտը ուղարկվում էր, դիտարկվում, հաստատվում կամ մերժվում, ինչը որոշակի ժամանակ էր պահանջում։ Այժմ այդ գործընթացն իրականցվում է ինքնաշխատ համակարգի միջոցով և ավելի արագ»,–նշել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ թղթային տոմսերի դուրսբերման ժամանակ ապահովվել է մի քանի այլընտրանք, որից քաղաքացիները կարող են օգտվել։






