AM
4 Օգոստոս 2025 - 11:12 AMT

Փոխքաղաքապետ․ Հսկիչները զինված են սարքավորումներով

Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներն արդեն երկու օր է, ինչ իրականացնում են ստուգումներ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ վճարումից խուսափող քաղաքացիները ստիպված կլինեն դրսևորել ավելի պատասխանատու վարքագիծ, հայտնում է Sputnik Արմենիան։

Հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։

«Հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել՝ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրել է, թե ոչ։ Մենք տուգանելով գումարի հավաքագրման խնդիրը չենք ուզում լուծել, այլ ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն սահմանված ուղեվարձը։ Կոշտ մոտեցում չկա։ Եթե քաղաքացին անտեղյակ է, մենք պետք է համոզված լինենք, որ չարամտորեն չի խուսափում ուղեվարձից»,– ասել է Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր շարժակազմ ձեռք բերելու հարցը կարող է տապալվել՝ ուղեվարձի թերհավաքագրման պատճառով, Գրիգորյանը պատասխանել է առանց որևէ հստակ ժամկետ նշելու։ Նա նաև չի ասել, թե երբ կարող են երևանցիները հույս ունենալ հանրային տրանսպորտի ամբողջական արդիականացման վրա։

«Երբ մենք ասում ենք, որ մեզ պետք է լրացուցիչ 240 18– մետրանոց ավտոբուս, նշանակում է, որ առկա շարժակազմը բավարար չէ ամբողջությամբ պատշաճ որակ ապահովելու համար։ Եթե հնարավոր լիներ առկա շարժակազմով իդեալական պայման ապահովել, որ մարդիկ չսպասեին, հարց կառաջանար՝ ավելին ինչու ենք գնում։ Իմ կարծիքով՝ շարունակաբար բարելավվում է ավտոբուսների սպասելու ժամանակահատվածը, որովհետև ամեն գործարկման ժամանակ զեկուցվում է գիծ դուրս եկող շարժակազմերի քանակի մասին։ Բայց այսօրը իդեալական չէ, սեպտեմբերին էլ չի լինելու իդեալական, քանի դեռ Երևան քաղաքը չունի այն շարժակազմի քանակը, որն իրեն անհրաժեշտ է»,– նշել է Գրիգորյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ երևանցիները կարողանում են տեսնել, թե ուղեվարձի բարձրացումից հետո հանրային տրանսպորտի ոլորտում կոնկրետ ինչ բարելավումներ են տեղի ունենում։ Օրինակ՝ մետրոյում արդեն իսկ սկսվել է շարժասանդուղքների փոխարինումը։

Գրիգորյանը նաև ընդգծել է, որ քաղաքացիներից շատերը դեռ տեղյակ չեն, որ արտոնյալ կարգավիճակ ունեցող բարեկամի ուղետոմսով երթևեկելը խախտում է և ենթակա է տուգանքի, հայտնում է Radar Armenian-ն։

«Բարեկամություն» կայանում մարդն անցկացնում էր, խնդիր առաջացավ, ասաց՝ տատի տոմսն է։ Եվս մեկ անգամ իրազեկում եմ, որ չի կարելի օգտվել այլ անձի արտոնյալ տոմսից։ Ասեմ ավելին, դրա համար ամենամեծ տուգանքն է նախատեսված, և շատ եմ խնդրում քաղաքացիներին՝ ուղղակի դա չանել»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը գիտակցում է, որ իրավիճակը դեռ հեռու է կատարյալ լինելուց և սեպտեմբերին էլ դրական շրջադարձի սպասել պետք չէ։

«Սա շարունակական աշխատանք է: Որ ասեք՝ իդելական լինելո՞ւ է սեպտեմբերին: Ո՛չ այսօր է իդեալական, ո՛չ սեպտեմբերին է լինելու իդեալական և չի լինելու իդեալական, քանի դեռ Երևան քաղաքը չունենա ամբողջ շարժակազմի քանակը, որն իրեն անհրաժեշտ է»,–ասել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ հավաքագրված միջոցները ուղղվում են հենց շարժակազմի թարմացմանն ու արդյունավետության բարձրացմանը։