ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզում գտնվող Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ այս պահին նախարարության ֆինանսավորմամբ ընթանում են վերականգնման աշխատանքներ։
Շատիվանքում մասնագետները տեղում ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պեղումների արդյունքներին, որոնք ևս ֆինանսավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից։ Մասնավորապես, պեղումների արդյունքում բացվել են Սբ Սիոն եկեղեցու հյուսիսային և պարսպապատերի արևելյան հողածածկ մուտքերը։
Բացի այդ, եկեղեցու շրջակայքում կատարված պեղումներից հայտնաբերվել են տապանաքարեր և նոր արձանագրություններով քարեր։ Պեղվել է նաև պարսպին կից կառույցներից մեկը, որտեղից դուրս են բերվել վանական կյանքի հետ առնչվող մի շարք հնագիտական իրեր։
Շատիվանքի տարածքում հանդիպում է կազմակերպվել նաև վերականգնման մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության և տեխնիկական ու հեղինակային հսկողության մասնագետների մասնակցությամբ։ Վանական համալիրի վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսին։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 3-4 տարվա ընթացքում։
Ինչ վերաբերում է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցուն՝ մասնագետները տեղում դիտարկել են իրականացվող վերականգնման ընթացքը և տվել մասնագիտական ցուցումներ։ Նախատեսվում է, որ եկեղեցու վերականգնումը կավարտվի 2025 թվականին։






