AM
4 Օգոստոս 2025 - 11:52 AMT

Բացահայտվել է բուժաշխատողների դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք

2024-2025 թվականների ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է 14 դեպք, երբ բուժաշխատողները ներկայացրել են կեղծված դիպլոմներ կամ վկայականներ՝ իբրև մասնագիտական կրթություն։

Այս բուժաշխատողների մեծ մասը շարունակել է գործունեությունը՝ ստանալով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր, որոնք, ըստ տեսչական մարմնի, տրվել են կեղծ հիմքերի վրա։

Տեսչական մարմինը բոլոր այս դեպքերով հաղորդումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ իրավական ընթացակարգերի մեկնարկի համար։

Միաժամանակ, լիազոր մարմնին ուղղված միջնորդագրերում ներկայացվել է կասկածյալ բուժաշխատողների գործունեության կասեցման և նրանց տրված հավաստագրերի ուժը կորցրած ճանաչման հարցերի քննարկման անհրաժեշտությունը։

Տեսչական մարմինը հայտարարել է, որ իր լիազորությունների շրջանակում շարունակելու է վերահսկողությունը՝ բժշկական կրթության փաստաթղթերի իսկությունը ստուգելու և ապօրինի դեպքերը բացահայտելու նպատակով։