Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Վարդաշենի 9-րդ փողոցի 70 շենքում գտնվող հանրակացարանի բնակիչները՝ բարձրաձայնելով անբարեկարգ պայմանների, անուշադրության և տարիներ շարունակ անլուծելի մնացած խնդիրների մասին։
«Բոլորի կողմից անտեսված ենք։ Մեր թաղապետին, թաղապետի տեղակալին երկու տարի է քաղաքապետի կողմից հանձնարարված է բարելավեն վիճակը, ոչ մեկ չի եկել շենք, փլվում է շենքը, օձերն ու կարիճներն էլ՝ չենք ասում։ Ոչ մեկ մարդկային լեզուն չի հասկանում»,– ասել է բողոքի մասնակից կանանցից մեկը, հայտնում է Panorama.am-ը։
Բնակիչները նշել են, որ հանրակացարանում ընդամենը 17 սենյակ կա, սակայն որևէ պետական կամ քաղաքային կառույցից արձագանք չեն ստացել։
«Չէ որ մենք էլ ենք մարդ, միայն ընտրությունների ժամանա՞կ են մեզ հիշում»,– ասել են ակցիայի մյուս մասնակիցները։
Քաղաքապետարանից բողոքողներին առաջարկել են դիմում գրել ու հեռանալ՝ ինչը վրդովմունք է առաջացրել բնակիչների շրջանում։
«Ինչքա՞ն կարելի է։ Ճանապարհ ենք փակելու։ Ավինյանն արձակուրդում է, թող իջնեն իր ենթակաները։ Մարդ ենք, ինչքան կարող ենք այդ օձերի, կարիճների, կռիսների մեջ ապրենք։ Երեխաներ ենք մեծացնում։ Նստում ենք սենյակում, կռիսները գնում-գալիս են»,– ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։
Մարտին ևս Վարդաշենի հանրակացարաններում բնակվող քաղաքացիները կրկին հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոք արտահայտելով իրենց սոցիալական խնդիրների վերաբերյալ և պահանջելով հանդիպում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Հուլիսին նույն պես նրանք բողոքի էին դուրս եկել, փողոց փակել, բայց հարցը դեռևս մնում է չլուծված։






