AM
4 Օգոստոս 2025 - 12:36 AMT

Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վերաբերող քրեական գործը դատարան է փոխանցվել: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Միքայել սրբազանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ մոտ մեկուկես տարի առաջ Gala TV-ին տված հարցազրույցի ժամանակ պետական իշխանության զավթման կոչ հնչեցնելու համար։ Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է՝ «Հայաստանում պետք է ռազամական հեղաշրջում անել»։

Այն բանից հետո, երբ մեղադրանք առաջադրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց փաստաթուղթ, համաձայն որի՝ Միքայել Աջապահյանը 2023-ին տված մեկ այլ հարցազրույցում ևս հնչեցրել է նույն արտահայտությունները, սակայն Դատախազությունը համարել է, որ դրանում առկա չէ հանցակազմ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին։