AM
4 Օգոստոս 2025 - 12:52 AMT

Շրջայց՝ տրանսպորտում․ Բացատրական աշխատանք է տարվում չվճարելու հետևանքների մասին

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել քաղաքի հանրային տրանսպորտում, հայտնում է քաղաքապետարանը։

Բացատրական աշխատանքներ են տարվել ուղևորների հետ՝ ներկայացնելով չվճարելու հնարավոր հետևանքները։

Մասնավորապես, ուղևորները նախապես տեղեկացվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3-րդ մասերում սահմանված տուգանքների մասին։

Ծառայության ներկայացուցիչները կոչ են արել բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ առաջնորդվելով Երևանի ավագանու սահմանած կարգով։

Քաղաքապետարանը նաև հայտնել է, որ այսուհետ հասարակական կարգի պահպանության ծառայության վերահսկողական գործողությունները հանրային տրանսպորտում կիրականացվեն ամենօրյա ռեժիմով։

Ուղեվարձ չվճարելու դեպքերում կիրականացվեն օրենքով սահմանված տուգանքներ։

Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներն արդեն երկու օր է, ինչ իրականացնում են ստուգումներ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ վճարումից խուսափող քաղաքացիները ստիպված կլինեն դրսևորել ավելի պատասխանատու վարքագիծ։ Նա ասել է, որ հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել՝ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրել է, թե ոչ։

Հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։