Հայաստանի զինված ուժերի սերժանտական կազմից 19 զինծառայող նախորդ ամսվա ընթացքում մեկնել են ԱՄՆ Կանզաս նահանգ՝ միանալու Կանզասի ազգային գվարդիայի հետ անցկացվող «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստման 9-րդ ամենամյա ծրագրին, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Հուլիսի 14-25-ը ՀՀ ԶՈu սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։
Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 12-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» անվանումը կրող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:






