Արցախից տեղահանվածներին Ռուսաստանից ուղարկված օգնության բաշխումն արդեն իրականացվել է Մասիս խոշորացված համայնքի՝ Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբաթ գյուղերում բնակվող արցախցիների շրջանում։
Արբաթում բնակվող Տիգրանը նշել է, որ մոտ 20 կիլոգրամ քաշով փաթեթը ներառել է ինչպես սննդամթերք, այնպես էլ հիգիենայի պարագաներ, հայտնում է Factor.am-ը։
Նա մանրամասնել է, որ ռուսական կառույցից ստացել է մակարոնեղեն, ձեթ, բրինձ, հնդկաձավար, պահածոյացված միս, խտացրած կաթ, ինչպես նաև ատամի մածուկ ու խոզանակ, լվացքի փոշի, շամպուն և օճառ։ Տիգրանի գնահատմամբ՝ օգնության արժեքը կազմել է մոտավորապես 25, 000 դրամ։ Նրա խոսքով՝ ինքը նման աջակցության կարիք չի ունեցել և իրեն տրամադրված օգնության մի մասը փոխանցել է սոցիալապես ավելի ծանր վիճակում գտնվող հարազատին։
Ռուսաստանի կողմից տրամադրված օգնությունն արցախցիների շրջանում միանշանակ չի ընդունվել։ Որոշ արցախցիներ Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն են հայտնում։ Նրանք կոչ են անում ոչ միայն չմոռանալ Արցախում ռուս խաղաղապահների ցուցաբերած անգործությունը, այլև Մոսկվայի այս քայլում քաղաքական հաշվարկ են տեսնում, թե Կրեմլն այս տարբերակով փորձում է ընտրողների տվյալներ հավաքագրել խորհրդարանական ընտրություններից առաջ։
Մինչդեռ Տիգրանը քաղաքական ենթատեքստ գտնելն այդ գործողության մեջ սխալ է համարել։
«Սա, «վաբշե», ուրիշ հարց է, մի՛ խառնեք քաղաքականության հետ։ Ինձ ոչ մեկը չի կարող ասել՝ գնա էսինչին ընտրի, կամ էնինչին, կրկնում եմ՝ ոչ մեկ։ Ոչ մեկից էլ չեմ վախենում, «աբսալյուտնի»։ Ինձ ու իմ ընտանիքին ոչ ոք չի կարող ասել՝ սենց բան եմ տվել, գնացեք՝ էսինչին ընտրեք։ Ընտրություննրին էլ չեմ մասնակցելու՝ ով ուզում է լինի»,- ասել է նա։
Մոսկվայի այս քայլը արցախցի Մերին դիտարկել է որպես ուշադրության դրսևորում։
«Սոված նստած այս օգնությանը չէինք սպասում, բայց դե, ինձ թվում է, բոլորս էլ այդ օգնության կարիքն ունեինք»,- հավելել է նա։
Նա ևս նշել է, որ չի ցանկանում՝ ռուսական օգնությունը վերածվի քաղաքական շահարկման։
Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ հանդես են եկել «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունները՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում, որի միջոցով մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստանում բնակվող արցախցիներին։
Հայաստանում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ղեկավար Արսենի Պրոնինը հայտնել է, որ նախատեսվում է տրամադրել 140 տոննա մարդասիրական օգնություն՝ ներառյալ սննդամթերք, անհատական հիգիենայի և առաջնային անհրաժեշտության ապրանքներ։ Այս ապրանքներն, ըստ նրա, պետք է բաժանվեն տեղահանված արցախցիներին ընթացիկ ամսվա ընթացքում։
«Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները։ Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30,000 է»,- հայտնել է նա։
Այնուամենայնիվ, մի շարք արցախցի հասարակական գործիչներ այս ուշացած օգնությունը կապում են քաղաքական նպատակների հետ՝ ընդգծելով, որ բռնի տեղահանությունից երկու տարի անց նման քայլը հստակ քաղաքական հաշվարկ կարող է լինել Մոսկվայի կողմից։






