AM
4 Օգոստոս 2025 - 13:35 AMT

Հակակոռուպցիոն կոմիտե․ 2025-ի առաջին կիսամյակում վերականգնել է մոտ 1.5 մլրդ դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է 2025 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Տարեսկզբից մինչ այժմ կոմիտեն ընթացք է տվել 1653 քրեական վարույթի քննությանը, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1585 գործի ցուցանիշը։ Նշված վարույթներից 367-ն արդեն ավարտվել են։ Դրանցից 101-ը՝ 255 անձի վերաբերյալ, ուղարկվել են դատարան մեղադրական եզրակացությամբ, իսկ 266 վարույթ կարճվել են։

Տարեսկզբից վերականգնված գույքային վնասի չափն էական աճ է գրանցել։ Ավարտված վարույթներով վերականգնվել է 1 միլիարդ 96 միլիոն 236 հազար 339 դրամ, մինչդեռ 2024-ի նույն ժամանակահատվածում վերականգնումը կազմել էր 654 միլիոն 115 հազար 746 դրամ։ Միաժամանակ, անավարտ վարույթների շրջանակում վերականգնվել է 398 միլիոն 307 հազար 300 դրամ՝ նախորդ տարվա 226 միլիոն 714 հազար 749 դրամի փոխարեն։

Ավարտված գործերից 20-ը գտնվել են նախաքննության փուլում 2-6 տարի ժամանակահատվածում, ինչը վկայում է երկարատև քննությունների ավարտման մասին։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի առաջին կիսամյակում՝ ավարտված և ընթացքի մեջ գտնվող վարույթների արդյունքում վերականգնվել է 1 միլիարդ 494 միլիոն 543 հազար 639 դրամ, իսկ գույքային վնասի վերականգնման շրջանակում որպես գույք վերադարձվել է 158 միլիոն 820 հազար 650 դրամի ունեցվածք։

Նշված ընթացքում՝ վերականգնման գործընթացների շրջանակում, արգելանք է դրվել նաև 455 միլիոն 534 հազար 243 դրամ արժեքով գույքի վրա։

Կոմիտեն ձեռնարկել է մի շարք կառուցվածքային և գործառնական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել իր արդյունավետությունը, ամրապնդել մասնագիտական կարողությունները և բարելավել վարույթների քննության որակը։ Դրա համար կոմիտեի նախագահի հրամաններով ընդունվել են նոր կարգեր, տրվել են հանձնարարականներ, ստեղծվել է խորհրդակցական մարմին, ինչպես նաև սահմանվել է այդ մարմնի գործունեության կարգը։

Գործարկվել է կոմիտեի թեժ գիծը։