«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար ռուսական կազմակերպությունների կողմից տրամադրված մարդասիրական օգնությանը դեմ հանդես եկող կոչեր հնչեցնում են հիմնականում այն անձինք, որոնք համակարծիք են գործող իշխանությունների դիրքորոշումների հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն։
«Հանկարծ՝ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։
Զարմանալի չէ։ Նման կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական այն թեզերի հետ, ըստ որոնց՝ չպետք է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին, և ընդհանրապես, Արցախի կորուստը համարում են Հայաստանի «անկախացման» գին։
Ռուսաստանը նման քայլերով ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն՝ իր բազմաբնույթ հումանիտար կարիքներով։ Փոխարենը այս մարդիկ խրախուսեն նման աջակցությունը՝ որպես մարդասիրական և օրինակելի ժեստ, զբաղված են հակաքարոզչությամբ՝ թիրախավորելով արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանումը որևէ մակարդակում:
Ասել է թե՝ նրանց խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ որևէ մակարդակում փորձ է արվում հիշեցնել Արցախի և արցախահայության մասին՝ որպես ադրբեջանաթուրքական ագրեսիայի և էթնիկ զտման զոհ»,–ասվում է գրառման մեջ։
Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 140 տոննա հումանիտար բեռ, որը տրամադրվել է Մասիսի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում ապրող մոտ 100 տեղահանված ընտանիքներին։






