Օգոստոսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ «հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները»:
Ուխտավորներին օրհնելով՝ Հայոց Հովվապետը նշել է, որ հայրենիքի և Մայր Աթոռի հետ սփյուռքահայության կապն ընդգծում է նրանց նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային և հոգևոր արժեքներին։ Այդ առաքելության մեջ նա կարևորել է նաև սփյուռքում ծառայող հոգևորականների դերը։
Հանդիպման ավարտին նա հորդորել է ուխտավոր հայորդիներին պահպանել ազգային ինքնությունը, սերմանել սեր ու նվիրվածություն հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






