AM
4 Օգոստոս 2025 - 14:23 AMT

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները՝ այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») 2025 թվականի հուլիսի 29-ին կրկին դիմել են Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ.

  1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը,
  2. պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025թ. հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և
  3. պարտավորեցնել Հայաստանին` տեղեկացնելու Արտակարգ Արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ Արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը:

Օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա»,–ասվում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։