Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է միջանցքի ու տարանցիկ ճանապարհի տարբերությանն ու հնարավոր հետևանքներին։
«Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը։ Միջանցքը կամ (հիպոթեթիկորեն) ճանապարհի վարձակալությունը (լիզինգը) անպայմանորեն ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում։ Մեծ հաշվով դա ինքիշխանության օտարում է (երրորդ կողմին) սահմանափակ կամ անսահմանափակ ժամկետայնությամբ։ Տնտեսագիտորեն ասած, միջանցքի պարագայում, սյուզերենը (տարածքի տերը – պետությունը) կորցնում է տվյալ տարածքը լիարժեքորեն տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքը։
Տարանցիկ ճանապարհի (տրանզիտի) դեպքում ինքնիշխանության օտարման խնդիր չի առաջանում։ Տրանզիտից օգտվողը որպես կանոն վճարում է սյուզերենին ճանապարհից օգտվելու համար։ Տրանզիտի պարագայում անխուսափելի է սահմանային անցակետերի, այդ թվում մաքսային ծառայությունների առկայությունը»,-գրել է նա։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին Հայաստանի տարածքով միջանցք կամ ճանապարհ տրամադրելու թեման առաջ է եկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից։
«Այդ համաձայնագրի առաջին 8 կետերը կարգավորումներ էին Արցախի շուրջը։ 9-րդ կետը Ադրբեջանի արևելյան և արևմտյան (Նախիջևան) շրջանների միջև Հայաստանով (ենթադրաբար Սյունիքով) անցնող «անխափան» ճանապարհի մասին է։ Ադրբեջանն ու Թուրքիան դա մեկնաբանում էին իբրև միջանցք։ Նկատի ունենանք, որ Փաշինյանն իր ստորագրությունը դրել էր այս տարօրինակ փաստաթղթի տակ։
Այնուհետև, սկսվեցին զանազան մեկնաբանություններ «անխափան» ճանապարհի մասով։ Ռուսական կողմից այս հարցերով զբաղվող փոխվարչապետ Ա.Օվերչուկը 2021-2022թթ 3 անգամ հայտարարեց, որ ճանապարհը, որտեղ բեռների ու մարդկանց անցումը հսկվելու է անվտանգության ռուսական ուժերի կողմից, գործելու է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջության շրջանակներում։ Ասել կուզի սահմանային ու մաքսային հսկողություններն իրականացվելու են հայկական ուժերի կողմից։ Արդարության համար նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ու նրա խոսնակ Մ.Զախարովան ավելի բարդ բացատրություններ էին տալիս։ Այսպես, 2022-ին, պատասխանելով ադրբեջանական թղթակցի հարցին առ այն, թե ե՞րբ է հայկական կողմը բացելու «խոստացած» միջանցքը, Զախարովան, փոխանակ լրագրողին սաստի, երկչոտ մեղայականով հայտարարեց, թե «միջանցք» տերմինը մենք չենք օգտագործում (տո եղե՞լ է, որ օգտագործեք կամ չօգտագործեք)։ Անշուշտ, այս «միջադեպից» հետո հայկական իշխանությունները ջանք չէին խնայում հակառուսական ելույթների մասով։
Վրա հասավ 2022-ի սեպտեմբերը։ Հայկական սահմանները եռում էին ադրբեջանական զինված ագրեսիայից։ Հայաստան եկավ Ն.Փելոսին։ ԱՄՆ և ՌԴ ջանքերով (այդպես հայտարարվեց) սեպտեմբերի 3-րդ տասնօրյակին ագրեսիան կանգ առավ։ Գուցե ադրբեջանական բանակը կանգ առավ Արցախը Ադրբեջան ճանաչելու Փաշինյանի խոստման դիմ՞աց։ Արդեն հոկտեմբերի 7-ին Պրագայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Դրանից 8 շաբաթ հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Մեկ տարի անց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախը հայաթափվեց»,–գրել է Բագրատյանը՝ հավելելով, որ թեման շարունակելի է։
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






