AM
4 Օգոստոս 2025 - 14:56 AMT

Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու 5 անդամի խափանման միջոցը փոխվել է

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի խափանման միջոցը փոխվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր «Ստեփանակերտի գործով» հերթական դատական նիստն էր։ Մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։ Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո մենք միջնորդեցինք վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։

Հիշեցնեմ, որ այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից – նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»,–ասվում է գրառման մեջ։

Դավիթ Սարգսյանը 2024–ի մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեղադրանքով։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառվել։