AM
5 Օգոստոս 2025 - 06:24 AMT

Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել իրավապաշտպաններին՝ եկեղեցուն աջակցելու համար

Օգոստոսի 4–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին, իր գնահատանքը հայտնել եկեղեցու և հոգևորականների պաշտպանության գործում ներդրված ջանքերի համար։

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամները՝ Սերգեյ Հարությունյան, Վարազդատ Հարությունյան, Վահան Հովհաննիսյան, Ռուբեն Մելիքյան և Արսեն Բաբայան, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ եկեղեցու իրավունքների պաշտպանությունն օրենքի շրջանակում ապահովելու նպատակով։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին»,– ասված է հաղորդագրությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։