Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի վերաբերյալ հետաքրքրության զգալի աճ չի արձանագրվել։ Այդ մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա՝ Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգի օրերին։
«Բայց պետք է հաշվի առնենք, որ նախ Ջենիֆեր Լոպեսն արդեն երկրորդ էշելոնի աստղ է, հետո սա նրա շրջագայության մի մասն է միայն։ Նա գնում է քաղաքից քաղաք, երկրից երկիր, այնպես չէ, որ սա իր վերջին համերգն էր, որ սրա վրա սևեռվի ամբողջ աշխարհը։ Լոպեսի համերգի վրա սևեռվել էին միայն հայ օգտատերերն ու ՀՀ կառավարության անդամները»,– նշել է մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանը նաև նշել է, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ժամանակին շատ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել որոնողական հարթակում։
«Այդքան շատ քանակի երբեք չէր եղել, բայց Հայաստանը որոնողական համակարգում շատ մեծ թվերի է հասել օրինակ` պատերազմի օրերին, ինչպես նաև «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո, երբ դրվագ կար, որտեղ գլխավոր հերոսները Հայաստանի մասին են խոսում»,– ասել է նա։
Մեդիափորձագետը հավելել է, որ բացի այս եզակի դեպքերից, հայկական կողմին հաճախ չի հաջողվել միջազգային մեդիայում դրական արձագանք ապահովել, մինչդեռ, ըստ նրա, հարևան Վրաստանը շատ ավելի հաջող է գործում այս ոլորտում՝ ցուցաբերելով ճկուն մոտեցում։
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն անցկացվել են օգոստոսի 3-ին Երևանում։ Երևանյան համերգը կազմել է նրա «Up all night» շրջագայության մի մասը։






