AM
5 Օգոստոս 2025 - 10:29 AMT

Իրանի փոխնախագահ․ Փեզեշքյանի սպասվող այցը ՀՀ նոր էջ կբացի երկրների հարաբերություններում

Օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Արեֆը կարևորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջիկայում Հայաստան կատարելիք այցը, տեղեկացնում է տեղեկացնում է Radar Armenia-ն IRNA գործակալության վրա հղումով։

«Մենք վստահ ենք, որ նախագահ Փեզեշքյանի այցը Հայաստան կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում»,- ասել է նա։

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։