Ավելի քան մեկ ամիս կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հերթական դատական հայցն է ներկայացրել՝ այս անգամ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ զրպարտության մեղադրանքով։ «Դատալեքս» իրավաբանական տեղեկատվական համակարգում տեղադրված տվյալներով՝ Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ սրբազանը պահանջում է պարտավորեցնել Հակոբյանին՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, որից 2 մլն-ն՝ զրպարտության, իսկ 1 մլն-ն՝ վիրավորանքի համար, գրում է «Փաստինֆոն»։
Հայցադիմումը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։ Դեռևս հայտնի չէ՝ հայցը վարույթ ընդունվել է, թե ոչ։
Բագրատ սրբազանը նախկինում ևս դիմել է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Նրա կողմից նմանատիպ հայցեր են ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Արսեն Թորոսյանի, Հասմիկ Հակոբյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ինչպես նաև Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դեմ։ Բոլոր դեպքերում Սրբազանը պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում։






