ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ վերջին օրերին նկատվող բարձր ջերմային պայմանները Հայաստանի տարածքում զգալիորեն բարձրացրել են հրդեհների և պայթյունների առաջացման հավանականությունը գազալցակայաններում և բենզալցակայաններում։
Ըստ Տեսչական մարմնի՝ նման իրավիճակում հույժ կարևոր է, որ վառելիքալցակայաններ շահագործող կազմակերպությունները, դրանց պատասխանատուներն ու քաղաքացիները հետևեն մի շարք անհրաժեշտ կանոնների.
. գործադրեն առավելագույն զգուշություն և ցուցաբերեն իրավագիտակցություն,
. խստորեն վերահսկեն հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը գազի և բենզինի լցակայանների տարածքներում,
. անհապաղ կանխեն ծխելու կամ բաց կրակի գործածման բոլոր դեպքերը,
. իրականացնեն առօրյա վերահսկողություն տարածքների վրա՝ ապահովելով անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայությունը։
«Տեղեկացնում ենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգեր, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։
Խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։
Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն, այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։






