ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանի կալանավորումներին, ասել է, որ դրա համար պատասխանատվություն են կրում ոչ միայն գործող իշխանության, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնք, ըստ նրա, տարիներ շարունակ խոսել են ժողովրդավարությունից՝ չապահովելով իրենց իսկ արժեքների պաշտպանությունն այն երկրում, «որի վրա ունեն տոտալ ազդեցություն», հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ նրա՝, այդ տրամաբանությամբ, «ԵՄ և ԱՄՆ դեսպանները գործարար Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահն են»։
«Որևէ մեկդ կասկածո՞ւմ է, որ եթե ցանկացած ԵՄ անդամ ազգային պետության ղեկավար, օրինակ, Էստոնիայի վարչապետը Նիկոլի հետ «սիլիբիլիների» արանքում ասեր՝ Նիկոլ, սիրուն չի, քաղբանտարկյալներին ազատի, չես բռնում մեր այս արժեհամակարգին՝ 100% կազատեր, վստահ եմ։
Վստահեցնում եմ՝ անգամ Էստոնիայի նման փոքր երկրի վարչապետի խոսքը հերիք կլիներ, որ Նիկոլը սթափվեր և նմանատիպ վայրագությունների չդիմեր։ Սա ակնհայտ ճշմարտություն է, հետևաբար Եվրոպայի Միության դեսպանը, օրինակ, Սամվել Կարապետյանի և սրբազանների բանտապահն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տիկին դեսպանը բանտապահ է»,–ասել է նա։
Նա նաև նշել է, որ եթե ազատազրկումը, նույնիսկ ապօրինի ու անարդար, համարվում է հերոսություն, ապա այդ տրամաբանությամբ ամենամեծ հերոսը Մամիկոն Ասլանյանն է՝ նրան համարելով թե՛ ֆիզիկապես, թե՛ կալանքի տևողությամբ ամենախոշորը։
Նա շեշտել է, որ իրենց իշխանության օրոք, եթե որևէ անձի անուն հայտնվել է կոռուպցիոն կամ ապօրինի գործունեության կոնտեքստում, ինքը միևնույն է, չի ցանկացել, որ այդ մարդուն զրկեն արդար դատաքննության իրավունքից։
«Էդ ցանկում ես էլ կամ երկրորդ նախագահն էլ կա, 500-օր նստել է, որքանով հիշում եմ։ Նստելը ամոթ չի, նստելը հերոսություն չի, հանիրավի նստելը փորձություն է։ Դիտարկումը, որ դրանով ինձ փորձում էին լռեցնել՝ դա իմ դեմ Փաշինյանական ագրեսիայի հիմնավոր վարկածներից մեկն է։ Երկրորդը կարծում եմ ավելի իրական է։ Առանց ավելորդ համեստության ասեմ, որ, այնուհանդերձ, ես քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիր, տեսանելի մարդ էի դրսի կապերով։ Եթե ինձ անպատիժ նստեցրեց, անպատիժ ի նկատի ունեմ միջազգային ատյանների, սանկցիաների և այլն, ապա նա վախեցրեց մնացած բոլորին հետևյալ սխեմայով. եթե Աշոտյանին ենք նստեցրել իր ԵԺԿ-ով, Բրյուսելներով, Մոսկվաներով, Պեկիններով և այլն, ապա ցանկացածին կնստացնենք։ Սա էր հիմնական մեսիջը»,–ասել է Աշոտյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։






