«Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4,991,788 դրամ գումարն ուղղվել է զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։
Ճամբարականների առօրյային ծանոթանալու և հերթական սպասված հանդիպման ակնկալիքով, օրերս Իդրամի և IDBank-ի թիմն այցելել է Հանքավան։
IDBank-ի ՍՊ ծրագրերի խմբի ղեկավար Մանե Գասպարյանը նշել է՝ «Մի դրամի ուժը» «Հայորդի» հիմնադրամի ամենաառաջին գործընկերներից է և համագործակցության հինգ տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել:
«Առանձնահատուկ սիրով ենք ամեն անգամ միանում հենց «Հայորդի» ճամբարին, որովհետև սա մեզ համար էլ է մեծ հնարավորություն՝ շփվելու, հաղորդակից լինելու այն երեխաների հետ, որոնք կյանքի տարբեր դժվարություններ հաղաթահարելուց հետո այսօր իրենց մանկությունն են վերագտնում ու շարունակում սովորել, զարգանալ, ապագա կառուցել մեր հայրենիքում»,-ասել է նա։
«Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է 6-13 տարեկան մոտ 300 երեխայի։
«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած աշխատանքում ամենակարևոր հաջողության գրավականը միասնության զորությունն է և «Մի դրամի ուժը» հենց այդ զորության մասին է։
«Հիմնադրման առաջին իսկ օրից, այսինքն արդեն հինգ տարի շարունակ, Իդրամը և IDBank-ը «Հայորդիի» կողքին են և անում են առավելագույնը՝ զոհված հայորդիների երեխաների համար։ Այս տարիների ընթացքում համատեղ ամենատարբեր շատ ծրագրեր ենք իրականացրել և անսահման կարևորում ու երախտապարտ եմ «Մի դրամի ուժին», որ տարիներ շարունակ անում են առավելագույնը մեր երեխաների համար»,-եզրափակել է Վարդանյանը։
Ճամբարականների հետ անցկացվել է ֆինանսական գրագիտության դասաժամ, որի ընթացքում առավել ակտիվ դրսևորված մասնակիցներն արժանացել են IDBank-ի և Իդրամի կողմից պատրաստված մրցանակների։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։






