AM
5 Օգոստոս 2025 - 13:17 AMT

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են ռազմավարական գործակցությունը տարբեր ոլորտներում

Թուրքմենստանում ընթացող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ինչպես հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

Առանձնահատուկ կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը, հայտնում է Radar Armenia-ն։

Վրաստանի վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու երկխոսությանը և դրանով իսկ ապահովելու տևական խաղաղություն և կայունություն տարածաշրջանում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Թուրքմենբաշիում է՝ Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։