Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով կրկին արծարծվող «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթին, հայտարարել է, որ մի շարք կառավարություններ փորձում են բոլոր հնարավոր ուղիներով մուտք գործել Հարավային Կովկաս՝ առաջ մղելով իրենց «ապօրինի նպատակները»։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։
Վիլայաթին զգուշացրել է, որ նա, ով «կփորձի կրկնել այս ձախողված փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին»։
«Որոշ կառավարություններ, անտեսելով սեփկան և տարածաշրջանի շահերը, փորձում են բոլոր հնարավոր ուղիներով մուտք գործել Հարավային Կովկաս՝ առաջ մղելով իրենց ապօրինի նպատակները։ Ցանկանում եմ հիշեցնել, որ ցանկացած կառավարություն՝ լինի տարածաշրջանից, թե դրսից, որը կփորձի կրկնել այս ձախողված փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքի»,–գրել է Վելայաթին։
Հունիսի 10-ին Վիլայաթին հայտնել է, որ Իրանը կարողացել է խափանել «Զանգեզուրի միջանցք» ձևավորելու նախաձեռնությունը, որի հիմնական, ըստ նրա, Իրանը հյուսիսից, իսկ Ռուսաստանը հարավից մեկուսացնելն է։
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






