AM
5 Օգոստոս 2025 - 14:39 AMT

Խաչատուրյանը Դեպի ծով ելք չունեցող երկրների համաժողովում խոսել է «Խաղաղության խաչմերուկի» ներուժի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենբաշի քաղաքում կայացած Դեպի ծով ելք չունեցող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովի պաշտոնական բացմանը ունեցած ելույթում խոսել է «Խաղաղության խաչմերուկի» ներուժի մասին։

Նա նշել է, որ այն նպատակ ունի ստեղծել գործնական առևտրային պայմանավորվածություններ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում՝ տեսլականը վերածելով իրականության։

«Մուտքը համաշխարհային շուկաներ կենսական նշանակություն ունի ներառական և կայուն զարգացում ապահովելու համար։ Ժամանակակից փոխկապակցված աշխարհում ապրանքների, ծառայությունների և մարդկանց տրանսսահմանային հոսքերը համընդհանուր բարօրության հզոր շարժիչ ուժ են։ Սակայն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները շարունակում են բախվել լուրջ մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհագրական սահմանափակումներով, որոնք հաճախ խոչընդոտում են իրենց լիարժեք ներգրավվածությունը համաշխարհային առևտրում, տնտեսությունների դիվերսիֆիկացիան և ներդրումների ներգրավումը՝ դանդաղեցնելով մեր համատեղ առաջընթացը Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ։

Այս մարտահրավերները հաղթահարելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կյանքը և տնտեսությունները փոխակերպելու համար մենք այսօր ունենք հստակ և ապագային միտված ճանապարհային քարտեզ։ «Ավազայի Գործողությունների ծրագիրը» մի ամբողջական փաստաթուղթ է, որը պարունակում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ստանձնած հաստատուն քայլեր, հանձնառություններ և արդյունքներ՝ ուղղված հատկապես նոր առաջացող սպառնալիքների սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը։ Նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ուղղությունները հիմնվում են Վիեննայի գործողությունների ծրագրի վրա և ուղղակիորեն արձագանքում են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներին։

«Ավազայի Գործողությունների ծրագիրը» կարող է ծառայել որպես ուղեցույց՝ խթանելու ավելի սերտ համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, տարանցիկ երկրների, ՄԱԿ-ի, դրա գործակալությունների, ինչպես նաև միջազգային զարգացման կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների միջև՝ օգնելով մեզ արագ ու զգալի առաջընթաց ապահովել ընդհանուր առաջնահերթությունների ուղղությամբ»,–ասել է նա։

Նախագահը հավելել է, որ նոր Գործողությունների ծրագրի հավակնությունները կոնկրետ արդյունքների վերածելը լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով ֆինանսավորման սղությունը, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։

«Ակնհայտ է՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները դա չեն կարող անել միայնակ։ Մեզ անհրաժեշտ է ուժեղացված տարածաշրջանային համագործակցություն՝ դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև։ Պետք է վերացնել մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի վրա դրված արհեստական և շարժառիթներով պայմանավորված արգելքները։ Սա ոչ միայն գործնական անհրաժեշտություն է, այլ նաև կենսական՝ տնտեսական և սոցիալական իրավունքները, զարգացման իրավունքը և համապարփակ տարածաշրջանային ու գլոբալ կապակցվածությունը երաշխավորելու համար։

Մենք կարևորում ենք զարգացման գործընկերների կողմից տրանսսահմանային ենթակառուցվածքներում ներդրումների ծավալների ավելացմանը ուղղված էական աջակցությունը՝ առևտուրը ավելի արագ և արդյունավետ դարձնելու համար ։

Պետք է նաև երաշխավորենք, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները լիարժեքորեն ներգրավված լինեն համաշխարհային թվային և կանաչ փոխակերպման գործընթացներում՝ խուսափելու համար գլոբալ տնտեսության մեջ նրանց հետընթացից։

Անհրաժեշտ է նաև ամրապնդել դիմակայունությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում։ Հայաստանը, որպես կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի հաջորդ հյուրընկալող և նախագահող երկիր, չի խնայելու ջանքերը այս կարևոր օրակարգը առաջ մղելու և ապահովելու համար, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները կապակցված լինեն և լիարժեքորեն օգտվեն իրենց հարուստ կենսաբազմազանության պաշարներից։

Ես ներկայացնում եմ երկիր, որն արդեն երեք տասնամյակից ավելի բախվում է աշխարհագրական սահմանափակումների և բարդ աշխարհաքաղաքական միջավայրի հետևանքներին։ Երկու հարևանների հետ փակ սահմաններով, ոչ մի ուղիղ ելք դեպի օվկիանոս կամ ծով, առևտրի, տրանսպորտի և բեռնափոխադրման ոլորտում առկա եզակի խնդիրներով՝ ՀՀ կառավարությունը լիովին գիտակցում է ներառական կապակցվածության, բաց սահմանների և հուսալի ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը համաշխարհային շուկաներին ինտեգրվելու համար։

Այս ըմբռնմամբ ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը վկայում է իմ երկրի հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նկատմամբ՝ միաժամանակ խթանելով ներառական կապակցվածություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներուժ ունի մեր տնտեսությունները դարձնելու առավել բարեկեցիկ և դիմակայուն: Տնտեսական շահերի համադրումը վաղուց սպասված խաղաղության և կայունության հետ՝ նախագծի առանցքում դնելով, այն նպատակ ունի ստեղծել գործնական առևտրային պայմանավորվածություններ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում՝ տեսլականը վերածելով իրականության»,–ասել է ՀՀ նախագահը։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։