Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը, ներկայացրել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնական սկզբունքները։
Բացի այդ, նա անդրադարձել է մասնակիցների հարցերին, որոնք առնչվել են ելույթում հնչեցված գաղափարներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև կառավարության ձեռնարկած քայլերին՝ առկա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ ու տարածաշրջանային խնդիրներին։
Համաժողովի նպատակն է անդրադառնալ համահայկական երիտասարդական օրակարգում տեղ գտած հիմնախնդիրներին, ընդլայնել համագործակցությունը սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև՝ խթանելով ցանցային փոխգործակցությունը, ինչպես նաև հայրենիքում սփյուռքահայ երիտասարդների ներուժի առավել ակտիվ օգտագործումն ու նրանց դերի ամրապնդումը Հայաստան-Սփյուռք համատեղ ծրագրերի շրջանակում։
Միջոցառման մասնակիցների շարքում ընդգրկված է 18-35 տարեկան մոտ 600 սփյուռքահայ երիտասարդ, որոնք ներկայացնում են ավելի քան 50 երկիր։ Նրանց միացել են նաև 200 երիտասարդներ Հայաստանից։
Համաժողովը, որը նախաձեռնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մեկնարկել է օգոստոսի 5-ին և անցկացվում է մինչև օգոստոսի 7-ը։






