AM
6 Օգոստոս 2025 - 07:28 AMT

Միքայել սրբազան․ Այս ապօրինի բանտարկությունն ինձ ավելի մոտեցրեց Աստծուն, հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին

Երկու ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավայրից ուղերձ է հղել ժողովրդին։

Նա նշել է, որ «այս ապօրինի բանտարկությունն» իրեն ավելի է «մոտեցրել Աստծուն, հայրենիքին և ժողովրդին»։

«Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը …Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով:

Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և՛ իմ հավիտենական հայրենիքին, և՛ իմ սիրելի ժողովրդին:

Առաջ Աստված …

«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:

Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:

Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ …»,–ասվում է ուղերձում։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։