ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին ու հաստատություններին՝ ուշադրություն հրավիրելով «Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վրա և նրանց հորդորել միջամտել»՝ հարցը բարձրացնելով ՀՀ իշխանությունների առջև և հստակ հայտարարություններ անելով։ Նա նամակի տեքստը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա տագնապալի է անվանել քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը և նշել, որ Հայաստանի այսպես կոչված «ժողովրդավարական կայունության» գովաբանումը կարող է հանգեցնել «հետագա բռնաճնշումների»։
«Ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարարներ և Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներ, կալանքի տակ են ոչ թե որևէ հավաստիորեն ապացուցված հանցագործության, այլ կառավարության քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելու համար։ Նրանց երկարատև նախնական կալանքը, հաճախ առանց համոզիչ իրավական հիմքերի, ակնհայտ խախտում է ինչպես Հայաստանի օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային չափանիշների։
Սրանք եզակի դեպքեր չեն։ Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանում ընթանում է քաղաքական հետապնդումների կանխամտածված և համակարգված գործընթաց։ Արդարադատության համակարգը գնալով ավելի է շատ է հայտնվում գործադիրի ազդեցության տակ։ Այն կառույցները, որոնք նախկինում արևմտյան աջակցության շնորհիվ գործել են ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, այժմ գործում են քննադատների դեմ»,–գրել է Օսկանյանը։
Նա նշել է նաև, որ, չնայած ձևական ազատությանը, լրատվամիջոցները գտնվում են քաղաքական և ֆինանսական ճնշումների ներքո։ Անկախ քաղաքացիական հասարակությունը կրճատվում է։ Ամենատագնապալին արշավն է Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ ձերբակալություններն ու զրպարտիչ հարձակումները, որոնք կարող են վտանգել ազգային ինքնության հիմքերը։
Չնայած այս ամենին՝ ձեզանից շատերը լռությունը կամ ռազմավարական երկիմաստությունը նախընտրել են սկզբունքային դիրքորոշման արտահայտմանը։ Այսօր Հայաստանի ենթադրյալ «ժողովրդավարական դիմադրողականության» վերաբերյալ շարունակական հրապարակային գովասանքը կարող է միայն խրախուսել հետագա ճնշումները… Գործելու ժամանակը հիմա է, նախքան մի ամբողջ սերնդի համար Հայաստանը վերջնականապես կկորցնի ժողովրդավարական լինելու հույսը, որը մի ժամանակ ուներ։ Կոչ եմ անում ձեզ չլռել»,–գրել է Օսկանյանը։
Ավելի վաղ իր հայտարարություններից մեկում Օսկանյանը նշել էր, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ կառույց, որը կարտահայտի բանտարկված անձանց ձայնը, որոնք չեն կարող խոսել։






