AM
6 Օգոստոս 2025 - 08:22 AMT

Սամվել Կարապետյանի կալանքը կայացրել են ամենացածր վարկանիշով դատավորները

Գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 18–ից կալանավորված է կալանավորված է դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի որոշումներով, որոնք ամենացածր վարկանիշն ունեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Նշված դատավորները գտել էին, որ հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու խոսքի շրջանակներում «մեր ձևով մասնակցելը» արտահայտությունը իրենից ենթադրում է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցակազմի հետ առնչություն:

Իսկապես սա աբսուրդ է հնչում, սա քաղաքական հետապնդում է ակնհայտորեն, բայց սա է իրականությունը և նշյալ դատավորների այդպիսի որոշումներով կալանքն արդեն տևում է՝ 45 օրից ավելի:

Ուշագրավ է, որ այսօր ուսումնասիրելով HelpCourt վարկանիշավորման համակարգը պարզ է դառնում, որ ամենից ցածր վարկանիշն ունեն հենց այդ դատավորները:

Հիշեցման կարգով այդ երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացվել դեռևս հուլիսի 18-ին, սակայն տվյալներ դրանց ընթացքի վերաբերյալ դեռևս առկա չեն»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։