Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Washington Post–ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
Չի նշվում, սակայն, թե արդյոք ենթադրվում է, որ կողմերը կարող են ստորագրել դեռևս մարտին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է։
Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում իր Truth Social հարթակում կոշտ քննադատության էր ենթարկել մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով. «Արցախից 120,000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքի ու բռնի տեղահանության ժամանակ ոչինչանելու համար», և տվել էր խոստում՝ «դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»։ Նա հավելել էր. «Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Հանդիպման մասին տեղեկատվություններ տարածվեցին դեռևս շաբաթվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նշվում էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։






