Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այն հայտարարություններին, որ համաշխարհային աստղերի հյուրախաղերը բարձրացնում են երկրի ճանաչելիությունը, գրել է, որ «ոչինչ այդքան ճանաչելիություն չի բերել Հայաստանին, որքան 2020 թվականի 44 օրյա պատերազմում պարտությունը»։
Նա հավելել է՝ «վերաձևակերպելով «դասականին»՝ ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Ջենիֆեր Լոպեսին»։
Գրառման մեջ ասվում է․ «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». Փաշինյան
Ոչինչ այդքան ճանաչելիություն չի բերել Հայաստանին, որքան 2020 թվականի 44 օրյա պատերազմում պարտությունը և 2023 թվականի աշնանը Արցախի կորուստը և հայաթափումը:
Տեղեկատվական նման ծավալի հոսքեր չի կարող ապահովել ոչ մի գերաստղի 2 օրանոց այց և համերգ:
Հայաստանի ներկայիս իշխանությունը փաստացի մեզ մտցրեց 21-րդ դարի 4 կապիտուլացված պետությունների ցանկ.
(Աֆղանստան 2001, Իրաք 2003, Լիբիա 2011):
Այսպիսով, վերաձևակերպելով «դասականի» արտաբերած տխմարությունը՝
Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Ջենիֆեր Լոպեսին»։
Լոպեսի համերգի օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի վերաբերյալ հետաքրքրության զգալի աճ չի արձանագրվել։ Այդ մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգի օրերին։
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն անցկացվել են օգոստոսի 3-ին Երևանում։ Երևանյան համերգը կազմել է նրա «Up all night» շրջագայության մի մասը։






