Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը նշել է, որ «ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը»։
Նա նշել է, որ այն անուն-ազգանունով քաղաքացի, որով իրենք դիմում են կաթողիկոսին ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ-ում չկա:
«Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան: Մինչդեռ այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա:
Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է:
Ի գիտություն բոլոր տգետներին, Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսապետն է, հայ ժողոովրդի հավատքի հավաքական կերպարը:
Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է աչալուրջ լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին ու չարամիտ գործերին, և աղոթքով հրաժարվի սատանայից ու նրա չար պաշտոնյաներից»,–ասվում է հրապարակման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






