Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ընդգծելով Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի դերակատարությունը, գրել է, որ «Հայաստանի անկախության ճանապարհը, որքան էլ հնչի դաժան, անցնում է Թուրքիայով»։
Ըստ նրա՝ պետք է աշխատենք Ռուսաստանի հետ՝ մեր կողմից «կատարելով կառուցողական քայլեր»։
«Ադրբեջանը, կարծում եմ, Հայաստանի հետ արևմտյան հարթակում կրկին բանակցությունների մեջ է մտել Ռուսաստանին ատամ ցույց տալու և Պուտինին հերթական ուղերձը հասցնելու նպատակով:
Մենք՝ Հայաստանը, չպետք է ակնկալենք ինչ-ինչ օգուտներ Բաքու-Մոսկվա դիմակայությունից:
Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ՝ մեր կողմից կատարելով կառուցողական քայլեր: Ռուսաստանը ի վիճակի է մեր տնտեսությունը քայքայել, քանի դեռ մենք դիվերսիֆիկացիայի չենք ենթարկում մեր տնտեսությունը:
Ադրբեջանը, միևնույն է, խաղաղության պայմանագիր չի ստորագրելու Հայաստանի հետ: Կարող է միջանկյալ ինչ-ինչ թուղթ ստորագրել, բայց փորձելու է մեզանից քամել հնարավոր ամեն ինչ, քանի դեռ զգում է, որ քամվելու տեղ ունենք:
Բայց, եթե անգամ հայ-ադրբեջանական հուշագիր ստորագրվի, ես դա կհամարեմ կարևոր քայլ, որովհետև Թուրքիան կարող է սահմանը բացել և Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:
Հայաստանի անկախության ճանապարհը, որքան էլ հնչի դաժան, անցնում է Թուրքիայով»,-գրել է նա։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Washington Post–ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։






