AM
6 Օգոստոս 2025 - 10:57 AMT

Մելիքյան․ Աղվան Արշակյանի պարագայում հերթական կարմիր գծեր են հատվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով կալանքի տակ գտնվող «Սրբազան պայքար» շարժման աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակի վատթարացմանը, նշել է, որ հատվել են հերթական կարմիր գծերը։

«Երեկվանից շոկի մեջ եմ: Իշխանությունն Արշակյանին օգտագործում է որպես պատանդ Բագրատ սրբազանի և մյուս 17 մեղադրյալների դեմ իրականացվող քրեական գործի շրջանակում, որն իր բնույթով հակահայկական և հակաեկեղեցական ուղղվածություն ունի ու հիմնված չէ իրական փաստերի վրա։ Հերթական կարմիր գծեր են հատվել։ Վերևներում որոշել են տանջել էդ երեխուն»,–նշել է նա։

«Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող Արշակյանի առողջական վիճակի վատթարացման մասին հայտնել էր նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ Արշակյանի խափանման միջոցը փոխելու համար՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախաքննության մարմինը չի կատարել դատարանի ցուցումը և անմիջապես կալանքից հետո չի կազմակերպել դատաբժշկական փորձաքննությունը։ Նա նաև ընդգծել է, որ քաղցկեղը ընդգրկված է կառավարության համապատասխան ցանկում։

Աղվան Արշակյանը կալանավորվել է հունիսի 25-ին՝ «հեղաշրջման գործի» շրջանակում անցկացված զանգվածային խուզարկություններից և ձերբակալություններից հետո։