AM
6 Օգոստոս 2025 - 11:55 AMT

Բյուրականում կկայանա միջազգային գիտաժողով

Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-19-ը կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 3» խորագրով։

Գիտաժողովը նվիրված է երկու կարևոր հոբելյանների՝ Մարգարյանի շրջահայության (FBS) 60-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) 20-ամյակին։

ASBD գիտաժողովները դարձել են ԲԱ-ի ավանդական նախաձեռնություններից մեկը՝ նախորդ հաջող հանդիպումներից հետո (ASBD 2015 և ASBD-2 2020)։

Միջոցառումը միավորում է աստղագետների և տվյալագիտության մասնագետների, ովքեր աշխատում են աստղագիտական շրջահայությունների, տվյալների շտեմարանների, պահոցների, վիրտուալ աստղադիտարանների և մեծ տվյալների ոլորտներում։

Գիտաժողովը կկենտրոնանա պատմական ու ժամանակակից աստղագիտական տվյալների վրա՝ ներառելով ինչպես Մարգարյանի ու այլ կարևոր շրջահայություններ, այնպես էլ արտաարեգակնային և աստղագիտական թեմաներ։ Կքննարկվեն տվյալների թվայնացման ու արխիվացման գործընթացները, ինչպես նաև մեծ տվյալների կիրառությունը, վիրտուալ աստղադիտարանները, վերլուծական գործիքները և այլն։

Հրավիրված զեկուցողների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ Չավիեր Դյուպակ (Իսպանիա), Կլոտիլդ Լեյգլ (Ֆրանսիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Ալեքս Սալայ (ԱՄՆ), Չենժու Սուի (Չինաստան), Միշել Դեննեֆելդ (Ֆրանսիա), Լեքս Կապեր (Նիդերլանդներ), Յոհան Կնապեն (Իսպանիա), Աշիշ Մահաբալ (ԱՄՆ), Ռայներ Շպուրցեմ (Գերմանիա) և այլ հրավիրված առաջատար մասնագետներ։

Գիտաժողովը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO), Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համագործակցությամբ։