Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության ընթացիկ օրակարգն ու անդրադարձել են նաև Մհեր Գրիգորյանի՝ հուլիսի 15-17-ը Բրյուսել և Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործման գործընթացին։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան:
Գրիգորյանը և Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին և իրականացվող աշխատանքներին:
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






