Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարել է, որ պետական-քաղաքական կենտրոններից վարվում են գաղտնի բանակցություններ մի շարք քահանաների հետ՝ առաջարկելով նրանց զբաղեցնել «տեղապահի» դիրք՝ Հայոց Եկեղեցու գահակալի լիազորությունները քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
«Նման «քահանայից տեղապահ, տեղապահից հովվապետ պատրաստելու» սցենարը սրբապղծություն է, իշխանազավթման փորձ և դավադրություն՝ ուղղված և՛ եկեղեցու կանոնական կարգի, և՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերի դեմ»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ եկեղեցու առաջնորդության հարցերը բացառապես կանոնական իրավասության դաշտում են։
«Պետական կառույցի յուրաքանչյուր ներգրավում այդ գործընթացում համարժեք է հակասահմանադրական միջամտության։ Ցանկացած «տեղապահ»-ի քաղաքական նշանակում կնշանակի եկեղեցու ներսում իշխանության ապօրինի ինստալացիա, որի հետևանքը կդառնա խորը պառակտում և միջազգային հեղինակազրկում։ Այս գործընթացին մասնակցող պաշտոնյաները և միջնորդները կրելու են անձնական իրավական պատասխանատվություն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խղճի և կրոնական ազատությունը խաթարելու, ինչպես նաև համայնքի նկատմամբ թշնամանք հրահրելու հատկանիշներով։
Դիմում ենք հոգևոր դասին. յուրաքանչյուրին, ում ուղղված է նման անպատվաբեր առաջարկ, հստակ հորդորում ենք մերժել այն։ Քահանան, որ համաձայնում է քաղաքական «տեղապահության», դուրս է գալիս եկեղեցու կանոնական հնազանդությունից և վերածվում է գործիքի՝ եկեղեցու ինքնավարության դեմ։
Այդպիսի քայլը գնահատվելու է որպես դավաճանություն ուխտին և համագործակցություն՝ եկեղեցու ներքին կազմը քայքայելու քաղաքական սցենարի հետ։
Զգուշացնում ենք պետական պաշտոնյաներին. եկեղեցու ղեկավարման վրա ազդելու, «տեղապահ» ներմուծելու կամ ընտրական ընթացակարգը «կարգավորելու» ցանկացած փորձ փաստաթղթավորվելու է և առաջ է տանելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական գործընթացներ։ Այս վայրկյանից սկսած՝ յուրաքանչյուր քայլ արձանագրված է։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը շարունակելու է գործող դիտարկումն ու փաստահավաք աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում հրապարակայնացնելու ներգրավված անձանց ու շղթաների մասին տվյալները։
Պահանջում ենք դադարեցնել այս դավադրությունը»,- ասված է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տարածած հայտարարությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






