Մոտ մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, հայտնում է Factor.am–ը։
Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանն իր հերթին հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այս խափանման միջոցների կիրառումն Ազատյանն ավելի քան 20 օր տնային կալանքի տակ է եղել։ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։
«Ապացույցները թյուրիմացություն են, բնականաբար, Ազատյանը չի ընդունում մեղադրանքը»,- հայտարարել է փաստաբանը։
Պիվազյանը նաև ասել է, որ դիմել են Եվրադատարան, դիմումը մուտք է եղել, այլ տեղեկություն չունեն։
Բացի Արամ Ազատյանից կալանավորվել էին նաև նրա տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը։ Իսկ այս ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարում էր Սուրեն Վարոսյանը։
Հայկ Կոստանյանն ասաց, որ Վարոսյանը զբաղեցրել է թաղապետի տեղակալի պաշտոնը, որի վրա էլ Ազատյանի բացակայության ժամանակ դրվել են թաղապետի պարտականությունները։ Այս պահի դրությամբ թաղապետի գործառույթները կատարում է Արամ Ազատյանը։






