AM
6 Օգոստոս 2025 - 13:01 AMT

ՀՀ և Թուրքմենստանի նախագահները քննարկել են գործակցության հեռանկարներ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում, հանդիպում է ունեցել Թուրքմենստանի ղեկավար Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման և զարգացման հնարավոր ուղիները։

Բերդիմուհամեդովը երախտագիտություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցելու համար։ Ի պատասխան՝ նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալությունն է հայտնել հրավերի և միջոցառման բարձրակարգ կազմակերպման ու անցկացման համար։

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: