AM
6 Օգոստոս 2025 - 13:35 AMT

Փաստաբան․ Դատարանի որոշմամբ Գալեյանը 1.5 տարով կազատազրկվի

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտին է հասցրել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։ Դատարանի որոշմամբ՝ նա 1․5 տարով կազատազրկվի խուլիգանության մեղադրանքով: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ Գալեյանին պետությունը «մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով»։

«Դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարեց պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշեց, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1.5 տարի ժամկետով ազատազրկվի։

Հիշեցնեմ, որ ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։

Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնեմ, որ Գարիկ Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով:

Հիշեցնեմ, որ պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 17-ին Գարիկ Գալեյանի հերոս որդու՝ Մխիթարի ծննդյան օրն էր և նա չէր կարող չլինել Եռաբլուրում։ Բան չասի, թող ձեր բալեքը ողջ լինեն»,–գրել է նա։

Գալեյանը ձերբակալվել էր 2023 թ. սեպտեմբերի 8-ին։ Այնուհետև Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ նրա մոտ հայտնաբերվել է 3 փաթեթ մարիխուանա։ Սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով երկամսյա կալանք։ Դրանից հետո փաստաբանները հայտնել էին, որ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց։ Սակայն Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժել է կալանքի փոփոխության միջնորդությունը։ Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: