AM
6 Օգոստոս 2025 - 14:24 AMT

Բաբաջանյան-Աճառյան խաչմերուկում մեքենայի բռնկումից տուժածներից 5-ի վիճակը ծանր է

Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում մեքենայի բռնկումից 6 տուժած ընդունվել է ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

Այրվածքաբանության ազգային կենտրոնից1lurer.am-ին տեղեկացրին, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս են:

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը․ վարորդը և հինգ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։