AM
7 Օգոստոս 2025 - 07:14 AMT

Փաստաբան․ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին ասել է նրա պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։

Գրիգոր Մղդեսյանը հայտնել է, որ իրենք արդեն բողոքարկել են կալանքի որոշումը, որը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Դատաքննությունն ընթանում է գրավոր եղանակով, իսկ վճիռը պետք է հրապարակվի օգոստոսի 15-ին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Բողոքով վիճարկվել է ինչպես հանցանքի մեջ Ռուբեն Հակոբյանին կասկածելու հիմքի առկայությունը, այնպես էլ կալանքի միջոցի ընտրությունը։ Պաշտպանի համոզմամբ՝ «հիմնավոր կասկած» առհասարակ չկա, քանի որ հարցազրույցի վերլուծությունը վկայում է, որ Հակոբյանը որևէ կերպ չի հորդորել իշխանության զավթման։ Նրա խոսքերը եղել են պատմաքաղաքական գնահատականներ, որոնք ապագայում որևէ բռնության դրսևորման միտում չեն պարունակել։

Իսկ կալանքի հիմքի վերաբերյալ փաստաբանը նշել է, որ քննիչ մարմնի ներկայացրած միակ ապացույցը Ռուբեն Հակոբյանի հարցազրույցի տեսագրությունն է, ինչը, իր գնահատմամբ, չի կարող բավարար լինել՝ խոչընդոտման ռիսկի հիմնավորման համար։

«Հաղորդաշարը բացառապես կրել է քաղաքական-վերլուծական բնույթ, դա ավելի շատ բանավեճի, գիտական նյութ է, քան՝ իշխանությունների զավթման կոչ։ Եթե ևս նայեք տեսանյութը, ապա այնտեղ վարչապետին գահընկեց անելու, մարդկանց հավաքագրելու, ինչ-որ կերպ շենք կամ այլ բան զավթելու մասին խոսք չկա, անգամ՝ կոնտեքստից նման բան չի ենթադրվում»,- ասել է Մղդեսյանը։

Մղդեսյանն ասել է, որ Ռուբեն Հակոբյանի պարագայում ակնհայտ է՝ նրան մեղադրում են մի բանի համար, որը նա չի արել։

Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդել նմանատիպ քրեական հետապնդումը, փաստաբանը արձագանքել է՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կհայտարարվի նախաքննության ավարտի մասին, քանի որ գործով ապացույցներ չկան, իսկ Ռուբեն Հակոբյանը այդ առնչությամբ առաջիկայում հրապարակային հայտարարություն կանի։ Նշվել է նաև, որ քրեական գործում որևէ անձ տուժող չի ճանաչվել։

Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ իր հարցազրույցում հնչեցրած մեկնաբանությունների հիմքով։ Նախաքննական մարմինը համարել է, թե Հակոբյանի խոսքերը հանդիսանում են կոչեր՝ ուղղված իշխանության զավթմանը։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով, և հուլիսի 19-ին նա արդեն կալանավորվել է։